Վրաստանը արտոնություն է ստացել Հայաստան մատակարարվող գազի հարցում

0

Վրաստանն այսուհետ կարող է «Գազպրոմ»-ից գազ գնել 185 ԱՄՆ դոլարով նախկին 215 դոլարի փոխարեն։ Ինչպես հաղորդում է «Գրուիա Օնլայն»-ը, այս մաին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Նախարարն այսօր Մինսկում բանակցություններ է ունեցել «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ, ինչի արդյունքում վրացական կողմը համաձայնվել է Հայաստան ռուսական գազի տարանցման մոնետիզացմանը, բացի այդ Վրաստանը զեղչեր է ստացել «Գազպրոմ»-ից։

Նախարարը նաև նշել է, որ 2017թ․ Վրաստանը Հայաստան մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալից ստացվող 10 տոկոս վճարի մի մասը կստանա գազի տեսքով, իսկ մյուս մասը՝ գումարային։ Նա չի հստակեցրել, թե որ ամսվանից Վրաստանը կանցնի տարանցման մոնետիզացմանը։ Կալաձեն միևնույն ժամանակ ընդգծել է, որ այս փոփոխությունների պատճառով Վրաստանը կախվածության մեջ չի հայտնվի Ռուսաստանից։

«Հնարավոր է սեզոնային դժվարություններ լինեն, և Վրաստանին անհրաժեշտ լինի գազի լրացուցիչ ծավալ։ Այդ դեպքում Վրաստանը Ռուսաստանից գազ կներկրի 215 դոլարի փոխարեն 185 դոլարով»,-ասել է Կալաձեն։

Կողմերն ամփոփում են բանակցությունների արդյունքները, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կկնքվի համաձայնագիրը:

Թողնել պատասխան