Հայաստանի վրա արգելափակող օդային պատ է ձեւավորվել՝ դժվարացնելով ցիկլոնների ներթափանցումը

0

Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որը դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին եւս Արարատյան դաշտում եւ Երեւանում չեն սպասվում ո՛չ տեղումներ, ո՛չ էլ արեւային եղանակ:

«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

«Այդ անտիցիկլոնը հայկական լեռնաշխարհի վրա «արգելափակում» է արել ու «օդային պատ» է ստեղծել: Բոլոր տեսակի տեղումնաբեր ցիկլոնները չեն կարողանում գալ Հայաստան, բեռնաթափվում են Թուրքիայի վրա: Այսինքն՝ մեր սպասած բոլոր տեղումները, հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան: Թուրքիայում բնակավայրեր կան, որ ձյան ծածկն արդեն 3 մետր է. աննախադեպ ձյան տեղումներ են գրանցվել ու այս պահին էլ դեռ տեղումները շարունակվում են»,- ասաց Սուրենյանը:

Անդրադառնալով Երեւանում սպասվող ջերմաստիճանին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. «Գիշերային ժամերին սպասվում է -12-14 աստիճան, ցերեկային ժամերին՝ -5-7 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է մարզերին՝ Սուրենյանն ասաց, որ գրեթե բոլոր մարզերում ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Շիրակի մարզում, օրինակ, ըստ ««Հիդրոմետի» կանխատեսումների՝ հունվարի 17-ին ցերեկը սպասվում է -1-6 աստիճան ցուրտ, նույնը՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում: Այսինքն՝ այս մարզերում կանխատեսվում է ավելի բարձր ջերմաստիճան, քան Երեւանում եւ Արարատյան դաշտում (-5-7):

Դրական ամենաբարձր ջերմաստիճանները, սակայն կանխատեսվում են Սյունիքի նախալեռներում. այնտեղ վաղը ցերեկը սպասվում է +7+10 աստիճան տաքություն:

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը մեր նախորդ զրույցում բացատրել էր, թե որն է Արարատյան դաշտի ցածր ջերմային ֆոնի եւ մառախլապատ լինելու գիտական բացատրությունը: «Արարատյան դաշտը գոգավորություն է՝ շրջափակված լեռնաշղթաներով: Այդ լեռնաշղթաների լեռնալանջերին օդը սառչում է, խտությունը մեծանում է եւ ջրի նման հոսում Արարատյան դաշտի հատակային հատված:

Այնտեղ սառն օդը լճանում է եւ մթնոլորտային բարձր ճնշման պահպանման դեպքում օրերով ու շաբաթներով մնում է Արարատյան դաշտի հատակային հատվածում: Սա է ջերմաստիճանի ցածր լինելու պատճառը: Ինչ վերաբերում է մառախուղին՝ այն ձեւավորվել է հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքների ներհոսքի պատճառով. մտնելով հանրապետություն, այդ հոսանքները չեն կարողանում ներթափանցել Արարատյան դաշտ եւ շրջանցելով այն՝ սահում են լեռնային շրջաններ: Այդ տաք ու սառն օդային հոսանքների շփման գոտում էլ առաջանում են ամպամածություն եւ մառախուղ»:

Թողնել պատասխան