Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան

0

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը կարճատև քայքայումով թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Դատարանը ապացուցված է համարել, որ 2016 թվականի մայիսի 30-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում անձնական հարցերով վիճել է սիրուհու՝ Մելինե Ս.-ի հետ (անունը փոխված է), ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ քերծվածքների, արյունազեղումների ու գանգուղեղային տրավմայի ձևով:

Նարեկ Ղ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ տուժողին երկու անգամ ապտակել է, բայց այդ երկու ապտակից նա չէր ստանա մարմնական այն վնասվածքները, որոնք արձանագրված են դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:

Նարեկ Ղ.-ն հայտնել է, որ դեպքի պահին ինքը գտնվել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում: Գիշերվա ժամը 1-ն անց 30-ին ակումբ է այցելել Մելինեն: Ինքը նրա ձեռքին վնասվածք է նկատել: Մելինեն իր հարցին սուտ պատասխան է տվել՝ ասելով, թե ընկել է: Հետո խոստովանել է, որ աշխատավայրում տնօրենի հետ վիճել ու զայրացած՝ ձեռքով խփել է պատին, ձեռքը վնասվել է: Նա խնդրել է, որ ինքը այդ միջադեպով իր աշխատավայրում չհետաքրքրվի:

Ինքն ուշադրություն է դարձրել, որ թեև տաք եղանակ էր, բայց  Մելինեն «փակ էր հագնված»:

Երբ իրենք խոսում էին, Մելինեին մի անծանոթ տղայից հաղորդագրություն է եկել: Ինքը հասկացել է, որ Մելինեն իրեն դավաճանում է: Կարդացել է նրա հեռախոսում եղած հաղորդագրությունները ու իր համար պարզ է դարձել, որ Մելինեն տարբեր տղաների հետ է շփվում:

Այդ հանգամանքից զայրացած՝  ապտակել է Մելինեին:

Այնուհետև փաբի հաճախորդներին ասել է, որ փաբը փակվում է: Երբ հաճախորդները գնացել են, ինքը զրուցել է Մելինեի հետ, վերջինս արդարացել է, որ հաղորդագրությունները կատակով են գրված, բայց ինքը համոզվել է, որ նա իրենց շփման ընթացքում «բազմիցս դավաճանել է իրեն այլ տղաների հետ»: Մի անգամ էլ է ապտակել Մելինեին:

Որոշել է նրանից հեռանալ, ճանապարհել տաքսիով՝ այլևս նրան չհանդիպելու ակնկալիքով:

Հաջորդ օրը Մելինեն զանգել է իրեն, ասել է. «Դու քո հալը կտեսնես»: Հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նարեկը, պատասխանելով տուժողի հարցերին, ասել է, թե դեպքի ժամանակ նա «փակ էր հագնվել», ինչից կարելի է եզրակացնել, որ փաբ էր եկել արդեն վնասվածքներով, բայց քանի որ փաբում լուսավորությունը լավ չէր, վնասվածքները չէին երևում:

Նախագահող դատավորի հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալն ասել է, թե տուժողին ապտակել է խանդի պատճառով, քանի որ իրենք «մտերիմ էին՝ համարյա ամուսիններ»: Ինքը ապտակել է Մելինեի դեմքին, դրանից նրա դեմքը միայն կարող էր կարմրել: Իր հարվածից հետո արյուն չի եկել: Եվ ինքը չի հասկանում տուժողի կողմից իրեն զրպարտելու իմաստը, թեև իրականում «նա ամեն բանի ունակ է»:

Տուժող Մելինեն հայտնել է, որ բողոքում է ամբաստանյալի դեմ, խնդրում է նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Ըստ տուժողի՝ ինքը Նարեկի հետ ընկերություն է արել երեք ամիս ու որոշել է խզել իրենց հարաբերությունները:

Դեպքի գիշերը Նարեկը զանգել ու ասել է, թե զրուցելու բան ունի: Ինքը ժամը 1-ն անց 30-ի սահմաններում գնացել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբ:

Նարեկը բողոքել է, որ իրենք հաճախ չեն հանդիպում, որ ինքը «սառել է» նրա հանդեպ: Ինքը նրան հայտնել է բաժանվելու՝ իր մտադրության մասին:

Նարեկը զայրացել է, մի անգամ հարվածել է իր դեմքի, քթի հատվածին: Ինքը վայր է ընկել:

Ընկած վիճակում Նարեկը ոտքերով ու ձեռքերով իրեն բազմաթիվ հարվածներ է հասցրել: Մի կերպ ինքը կանգնել ու գնացել է փաբի զուգարան՝ լվացվելու:

Այնուհետև ինքն ու Նարեկը նորից զրուցել են: Նարեկը վերցրել է իր բջջային հեռախոսը, կարդացել է իր ստացած հաղորդագրությունները, դրանից էլ է բարկացել ու նորից բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին:

Պատասխանելով հարցերին՝ Մելինեն ասել է, որ երբ ինքն ու Նարեկը մենակ են մնացել փաբում, Նարեկը փակել է դուռը ու թույլ չի տվել, որ ինքը դուրս գա: Նա շարունակել է հարվածել իրեն, անգամ ոտքով խփել է իր դեմքին, նույնիսկ փորձել է բռնաբարել, բայց ինքը դրա ապացույցները չունի: Ինքն էլ բռունցքով խփել է նրան, որից հետո Նարեկն ավելի ուժեղ է հարվածել իր գլխին, ինքը ստացել է կապտուկներ ականջախեցու շրջանում և ուշաթափվել է: Նարեկը միայն դրանից հետո է հանդարտվել ու սպառնացել է իր մասին արատավորող տեղեկություններ տարածել, եթե ինքը բանկից գումար չստանա նրա համար: Նարեկի այդ օրվա պահվածքն իր համար զարմանալի էր, նա սովորաբար հանգիստ է եղել:

Մելինեն նշել է, որ շատ ընկերներ ունի, նրանցից ստացած հաղորդագորություններում ինտիմ բովանդակությամբ նամակներ չեն եղել, դրանք միայն կատակներ էին: Ինքն ու ընկերները միմյանց դիմում են «կյանք, արև» բառերով:

Նարեկը զայրացել է նրա հետ կապերը խզելու՝ իր մտադրության մասին իմանալով, քանի որ այլևս նյութապես իրենից շահ չէր ունենալու, նա միշտ իրենից գումարներ էր վերցնում: Ինքը ցանկացել է նրա հետ հարաբերությունները խզել, քանի որ նա իրենով չէր հետաքրքրվում:

Տուժողը պնդել է, որ Նարեկի հարվածներից ուշաթափվել է, Նարեկը ջուր է լցրել իր գլխին ու դեմքին, ասել է, թե «կմորթի», հետո էլի հարվածներ է հասցրել…

Մելինե Ս.-ն պնդել է իր բողոքը ամբաստանյալի դեմ ու ցանկություն է հայտնել, որ վերջինս հնարավորինս խիստ պատժի ենթարկվի:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտել է կալանքի՝ 1 ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը կհաշվվի Նարեկին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Թողնել պատասխան