Ռուբլին կարժեզրկվի. ԱՄՆ-ից գալիս է թերթաքարային սպառնալիք

0

Դեռևս 3 տարի առաջ Ռուսաստանը բացահայտորեն անտեսում էր ԱՄՆ-ում նավթի թերթաքարային հեղափոխությունը: Ռուս նավթային թագավորները ամերիկացի գործընկերներին մրցակից չէին համարում: Բայց ամերիկացիները զարգացրին իրենց տեխնոլոգիաները, և այժմ նրանց շահավետ է նույնիսկ մեկ բարելի դիմաց 40 դոլարից պակաս գինը: Այդ իսկ պատճառով նրանք ամբողջ ուժով թերթաքարային նավթ են արդյունահանում՝ թուլացնելով ռուսական արժույթի դիրքերը:

Ինչպես հաղորդում է mk.ru-ն, ԱՄՆ-ը օգտվեց նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի որոշումից, վերջին ամիսներին Հյուսիսամերիկյան մայրցամաքում նկատվում է հորատումների աննախադեպ աճ, ինչը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս սեփական արտադրությունը օրական ավելացնել 600 հազար բարելով:

600 հազար բարելը այն ծավալի կեսն է, որն ինքնակամ համաձայնվել են կրճատել ՕՊԵԿ-ի անդամ երկրները: Փաստացիորեն հումքի գինը 60 դոլարի սահմաններում պահելու ՕՊԵԿ-ի ջանքերը ձախողվում են: Նավթի գները մեկ օրում նվազել են ավելի քան 5 տոկոսով, ինչին հետևել է նաև ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ:

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս միտումը կշարունակվի, քանի որ Ամերիկան կախված չէ ներքին որևէ պարտականություններով և շարունակում է նվազեցնել նավթի գինը: Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն՝ այս տարի ամերիկյան ընկերությունների օրական արդյունահանումը կաճի մինչև 9.21 միլիոն բարել, իսկ ապագայում կհասնի 9.73 միլիոնի:

Ռուսաստանի համար նման դասավորությունը խիստ բացասական է: Մի կողմից՝ պետությունը կդադարի հավելյալ միջոցներ ստանալ նավթի հումքի բարձր գնից՝ կորցնելով Պահուստային հիմնադրամը համալրելու հնարավորությունը, մյուս կողմից՝ իրադարձությունների նման զարգացումը ոչ մի լավ բան չի բերի նաև ռուբլու համար: ԱՄՆ-ում նավթային արտադրության աճի տվյալների ֆոնին դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է ՝ հասնելով 60 ռուբլու: Հաջորդ շաբաթ կարող է գրանցվել ամերիկյան արժույթի հերթական աճ և ռուսական ռուբլու արժեզրկում: