Պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել, իսկ բանակին քննադատողները կմնան տաք սենյակներում. Արշալույս Փայտյան

0

Թերթ.am-ը գրում է՝

Գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր ունի կայուն, հաղթող և ռազմական տեխնիկայով համալրվող բանակ։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ցանկացած պահի հակառակորդը կարող է պատերազմ հրահրել, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր և դիվանագիտական «կորպուսներում» Արցախյան հարցը առկախված է։

-Պարո՛ն գեներալ, բանակի հիմնադրման տարիներից մինչ այսօր ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել, հիմնական մարտահրավերները որո՞նք են եղել, հակառակորդի գործողություններին ինչպիսի՞ պատասխան է տրվել։

-Մեր անկախ պետության լավագույն ձեռքբերումներից մեկը մեր ազգային բանակն է։ Չխորանալով տարիների ընթացքում ձեռք բերած հաջողությունների մեջ՝ ասեմ, որ միայն վերջին ժամանակահատվածում սահմանում տեղի ունեցող իրադարձությունները փաստել են, որ մենք ունենք կայուն, հզոր, զարգացող,մարտավարական բոլոր հմտություններով առլեցուն կառույց, որը կարողանում է մեր անկախ պետության կայունությունը ապահովել։

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ մտավորականների, թե՛ զինվորականների մոտ։ Ես, որպես զինվորական, կարծում եմ, որ մեր հայ զինվորն ապացուցեց, որ ցանկացած պարագայում կարող է հաղթող լինել։ Ւնչ վերաբերում է տարածքի հանձման մասին խոսակցություններին՝ կապված 800 հեկտարի հետ, ապա պատերազմի ժամանակ տարածքի հանձնումներ չեն լինում, պատերազմի ժամանակ լինում են ժամանակավոր նահանջներ, իսկ ժամանակավոր նահանջներն ավելի մեծ հաղթանակներ ունենալու համար են։

-Ապրիլյան էսկալացիայի ժամանակ զինամթերքի, զինտեխնիկայի համալրման հետ կապված մտահոգություններ կային, Դուք այդ մտահոգությունները կիսո՞ւմ եք։ Կարծում եք՝ անհրաժեշտություն կա՞ սպառազինության մրցավազքի մեջ մտնելու։

-Ինչ վերաբերում քննադատություններին, թե 80-ականների զենք-զինամթերք է եղել, զինտեխնիկայի պակաս ենք ունեցել, ապա այդպիսի խոսակցությունները աբսուրդ են, բանակն այսօր ժամանակի պահանջին համապատասխան զինված է։ Այլ բան, որ մենք ցանկանում ենք ավելի հզոր զինտեխնիկայով համալրվել, և ես համոզված եմ, աստիճանաբար համալրման գործընթացը կատարվում է։ Բայց մրցավազքի մեջ մտնելը միշտ չէ, որ ընդունելի է։

-Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ մարտական գործողությունների կգնա՞, սահմանային սադրանքները կհանգեցնե՞ն պատերազմի մոտ ժամանակահատվածում։

-Քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, քանի դեռ դիվանագիտական կորպուսներում առկախված է Արցախյան հարցը, ամեն օր, ամեն վայրկյան պիտի պատրաստ լինեք պատերազմի։ Պետք չէ աչքերներս փակենք, հաղթանակներից հետո ասենք՝ հակառակորդն այլևս պատերազմի չի գնա, ընդհակառակը ՝ամեն վայրկյան մենք պետք է սպասենք, որ նմանատիպ գործողությունները կարող են կրկնվել, գուցե ավելի լայնամասշտաբ։ Այդ պատճառով պետք է մեր բանակը սիրենք, փայփայենք, հզորացնենք, բանակին քիչ քննադատենք, եթե ասելու բան ունենք, ապա պետք է զգույշ լինեք։ Բանակն այլ կառույցների նման չէ, ցանկացած թյուր կարծիք կարող է օգտագործվել հակառակորդի կողմից։ Բանակը մեր ժողովրդի ծնած կառույցն է։

-Բանակում ժամանակ առ ժամանակ աղմկահարույց պատմություններ են լինում նաև մատակարարմանը, կոռուպցիոն դրսևորումներին առնչվող։ Ժամանակին այդպիսի գործընթացների հետ կապված նաև Ձեր անունը շոշափվեց։

-Միանգամից ասեմ՝ բանակում աղմկահարույց այդպիսի պատմություններ չեն եղել։ Պետք է խորքից նայել, մերկապարանոց հայտարարություններ չանել, դրանք հետագայում հերքվում են։

Մերկապարանոց մեղադրանքները սարսափելի են, բախում են առաջացնում, մարդկանց ճակատագրերի հետ են խաղում։ Եթե կա փաստ, որը վկայում է հանցագործության մասին, ապա ես կողմ եմ, որպեսզի կատարողին բռնեն, դատեն, անգամ գնդակահարեն։ Բայց եթե տվյալ անձի, անհատի վարկանիշի հետ են խաղում, պիտի զգույշ լինեն. վաղը, որ պատերազմ եղավ, առաջինն այդ տղաներն են գնալու և տաք սենյակներում նստածները դուրս եկողները չեն, զոհվելու են գնալու նրանք, ում առանց հիմքի վարկաբեկում են։

-Բանակում վերջին ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնյաներ փոխվեցին, նախկին նախարարն էլ որոշեց մտնել ակտիվ քաղաքականություն։ Այսօր կարծես թե բանակում տարբեր ժամանակահատվածում ծառայածները տարբեր «ճակատներում» են հայտնվել։ Դուք այժմ Ձեզ որտե՞ղ եք պատկերացնում, բանակից դուրս եկած կադրերը կարո՞ղ են ընդդիմադիր լինել։

-Նախ բանակում պաշտոնյաների փոփոխության մասին. երբ ազգային-ազատագրական պայքարը սկսել էր, ես մոտ 34 տարեկան էի, նույնը նաև իմ մարտական ընկերները, հիմա մարտական ընկերները 57-60 տարեկան են, բնականաբար պիտի լիներ սերնդափոխություն։ Եվ բանակում տեղի ունեցող այդ փոփոխությունները միտում ունեն տվյալ կառույցի հետագա զարգացումը ապահովելու, ինքնանպատակ փոփոխություն չի կարող լինել ։

Ինչ վերաբերում 55-60 տարեկան ազատամարտիկներին, ապա նրանցից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական մոտեցումը, իր հայրենիքին օգտակար լինելու իր ձևը և տեսակը, ինձ համար բոլորը ընդունելի են, պետք չէ քննադատել։ Հայրենիքին ծառայելու մոտեցումները կարող են տարբեր լինել։

Կոնկրետ ես քաղաքականության մեջ եմ եղել 1987 թվականին, եղել եմ «Ազգային ինքնորոշում միավորման» «Վանաձորի Նժդեհ ԱԻՄ» մասնաճյուղի նախագահ, ապա՝ Անկախության բանակի հրամանատարներից։

Ես քաղաքականությունից եմ եկել, դարձել զինվոր և այդպես կմնամ՝ որպես հայրենիքի զինվոր։ Հայրենիքին ծառայելու սուրբ նպատակում ես ընդդիմություն-դիմություն ասվածը չեմ ընդունում: Եթե մարդը ունի երկիրը զարգացնելու այլ ծրագիր, քան գործող իշխանությունները, ես դա ընդդիմություն չեմ կոչում, դա մոտեցման խնդիր է։

Նպատակի ու հնարավորությունների մեկտեղումը կարող է մեր պետությանը դարձնել զարգացող ու ապագա ունեցող երկիր:

Թողնել պատասխան