Զոհված 22-ամյա զինվորի հայրն ու հորեղբայրը Արցախյան պատերազմի ժամանակ նույնպես ԼՂՀ Մարտունիում են զոհվել

0

Այս գիշեր Արցախի Մարտակերտի շրջանում մահացած 22-ամյա զինծառայող Կարեն Ուլուբաբյանի հայրն ու հորեղբայրը նույնպես զոհվել են Մարտունիում՝ Արցախյան պատերազմի ժամանակ:

Այս մասին ասել է Կարենի նախկին ծառայակիցը՝ հավելելով, որ Կարենը կրում էր զոհված հորեղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Կարեն Ուլուբաբյանի անունը:

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը: «Կարենին 4 տարի է ճանաչում եմ: Ես ժամկետային զինծառայող եմ եղել: Դեպքի մասին իմացա ծանոթներից: Իր հոր ու հորեղբոր պես հայրենասեր էր, անվախ»,- պատմեց Կարենի նախկին ծառայակիցը:

Ծառյակիցը հիշում է, որ Կարենը ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ և 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

«Գիտեմ, որ իր աշխատանքը շատ կարևոր էր իր ընտանիքի համար»,- հավելեց նա։

Նշենք, որ Կարեն Ուլուբաբյանը ԼՂՀ Մարտունի քաղաքից էր: Նա բազմազավակ ընտանիքի ավագ որդին էր, իրենից բացի ուներ 2 եղբայր և 2 քույր:

Արդեն հայտնել ենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Թողնել պատասխան